ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Հպարտ քաղաքացիների համար «հպարտ» նախաձեռնություն

Հպարտ քաղաքացիների համար «հպարտ» նախաձեռնություն
19.11.2018 | 18:05

Մինչ Փաշինյանը քարոզարշավը մեկնարկեց խոպանչիներով հարուստ Մարտունուց, սեփական կառավարության տնտեսական բլոկը ցնցեց երկրի անդորրն էլ, խոպանչիների հանգիստն էլ: Բայց այս խնդրին անդրադառնալուց առաջ մի կարճ ռեմարկ. արդար ընտրություններից զօրուգիշեր խոսող իշխանության ղեկավարն ինչու՞ է պաշտոնական մեկնարկից շուտ սկսել քարոզարշավը, ինչու՞ է ձեռուոտ ընկել, երբ ակնհայտ է, որ դեռ հեղափոխական զանգվածը մեծ տոկոս է կազմում, անհանգստությու՞ն ունի, որ մարդիկ ինչ-որ փուլից հետո մտափոխվելու են: Ամեն դեպքում Հայաստանի երեք խոշոր քաղաքների տոնին այնտեղ չգտնվող Փաշինյանը, այսօր գնացել էր Մարտունի քաղաքի 190-ամյակին եւ հեղափոխական ելույթ ունեցել:

Այնինչ, Գյումրու տոնն անգամ մոռացել էր, Վանաձորի տոնին Երեւանում Ֆրանկաֆոնիային էր մասնակցում, իսկ Երեւանի տոնին ընդհանրապես Հայաստանում չէր, աշխատանքային այցով Լիբանանում էր:Իսկ ահա պետք էր գնալ Մարտունի ու հայտարարել, թե բոլոր տեսակի աղբը պետք է երկրից հանել, բոլորին հայտարարել վարչապետ ու կոռուպցիոներներին մեկիկ-մեկիկ սպառնալ` բռնելու ենք, հանկարծ ճանապարհ ու փողոց չփակեք: Տեսնես էդ մարդկանց ով սովորեցրեց պայքարի այդ բացառիկ ձեւը: Այսպիսիով կարելի է ասել իշխանությունը քարոզարշավի մեկնարկը տվեց:


Իսկ այդ մեկնարկը բավականին բուռն ստացվեց մեկ այլ տեսանկյունից: Հեղափոխական իշխանությանն ընտրությունների շեմին այսպիսի լուրջ հարված հազիվ թե հակառակորդները մտածեին: Սակայն հարվածը նախապատրաստել էին յուրայիները` այս օրերին շրջանառության մեջ դնելով 18-65 տարեկան ՀՀ քաղաքացիների եկամուտների հայտարարագիր ներկայացնելու նախաձեռնությունը: Ողջ օրը այս թեման ալեկոծեց կառավարությունը, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, սվաղեցին, քողարկեցին, բայց մեծ հաշվով չհերքեցին, նախաձեռնությունը կյանքի է կոչվելու, պարզապես ժամանակի խնդիր է: Իսկ «վճռական» խոսքը կհնչի վաղը` Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, երբ վերջինս տեղը-տեղին կփաթեթավորի այս նախաձեռնությունն այնպես, որ քաղաքացիները կասեն երեւի իրենց աչքերն ու ականջներն ամեն ինչ սխալ էին տեսել ու հասկացել: ՈՒ այսպես կգնանք հեղափոխական ընտրությունների, ու այսպես էլ կձեւավորենք հեղափոխական խորհրդարանը: Ինչ փույթ, թե օրեր անց տնտեսական ճահիճը մեզ ինչքան խորը կքաշի, կարեւորն այսօր բոլորը կլինեն հպարտ քաղաքացիներ, որոնք արդեն երջանիկ Հայաստանում են ապրում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ